ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հարուստ պետությո՞ւն, թե՞ հարուստ անհատ (մտորումներ անցյալի ու ներկայի մասին)

Հարուստ պետությո՞ւն, թե՞ հարուստ անհատ (մտորումներ անցյալի ու ներկայի մասին)
19.06.2012 | 13:51

Չէ՛, չմտածեք, թե այս հարցադրմամբ ես դեմ եմ հարուստ լինելուն, բարեկեցիկ, երջանիկ կյանք վարելուն։ Ընդհակառակը, լինելով էլիտար մասնագիտության տեր (բժշկական և ճարտարապետական համալսարանների շրջանավարտ) միշտ ցանկացել եմ տեսնել ծանր հոգսերից զերծ, ժպիտը դեմքին, բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիների, ներքին և արտաքին վտանգներից պաշտպանված, ազատ մտածող մարդուն։ «Սովետի վախտ» մոտ երեք տասնամյակ մենք համարյա այս վիճակում էինք, երբ «մեր գլխին» ուժեղ և հզոր պետություն կար, իսկ մենք մեր հողին կպած, արարում էինք` ինչքան կարող էինք, միշտ ապահովված աշխատանքով և վստահ, որ վաղվա օրը նոր ձեռքբերումներ կտա երկրին։ Ճիշտ է, մի քիչ «Ոսկե քաղաքին» նմանվեց, բայց հանուն ճշմարտության հավելեմ, որ լավ բաներն իսկապես շատ էին, իսկ վատ բաներ, ինչպես, ասենք, կաշառակերությունը պետական պաշտոնյաների շրջանում, ծաղկում էր, որն էլ հետագայում հիմք դարձավ կապիտալի առաջնային կուտակմանը։
Մեր լավ զգալը հարուստ և հզոր պետության մեջ էր, առանց որի աշխարհում ոչ մի հարց չէր լուծվում։ Գրեթե միշտ լիքն էր «մեծ գրպանը», որ ծառայում էր հսկայական ծրագրերի իրականացմանը (մեզ մոտ` ատոմակայան, օդանավակայան, հիդրոջերմակայաններ, ջրանցքներ...), բայց այսօր մենք անցյալի հուշերով չենք կարող ապրել, պարզապես պետք է ձգտենք երկիրը դարձնել հարուստ և հզոր։ Իսկ ինչպե՞ս լցնել պետության գրպանը։ Այն ժամանակ մենք ստանում էինք վաստակածի 12-15 տոկոսը, իսկ մնացածը լցվում էր պետության բյուջեն, և պետության հաշվին ֆինանսավորվում էին շատ ոլորտներ։ Այսօր աշխատող զանգվածի հիմնական մասը վարձու աշխատող է և հազիվ թե ստանա իր վաստակածի 12-15 տոկոսը, հետևաբար, մնացած 80-85 տոկոսը մնում է վարձակալին և նա շատ արագ հարստանում է, վճարում է հարկերը, ամեն ինչի համար պատրաստի փող ունի և հարկ եղած դեպքում կարողանում է հովանավոր դառնալ տարբեր շոու ծրագրերի, ներկայացումների, հաղորդումների, հանդիպումների և այլն։ Նորից եմ կրկնում` լավ բան է բարեկեցիկ կյանքով ապրելը, իսկ արդյո՞ք լավ հարուստն իրեն ապահով է զգում աղքատ երկրում, թույլ երկրում։ Ես մտածում եմ` ավելի շահեկան չէ՞ պետության համար, որ ինքը հովանավորի, որից և՛ ներկայացման, և՛ այլ ծրագրերի որակը կբարձրանա, մի բան էլ կմնա պետության գրպանում։ Իսկ բարություն թող անի զուտ իր հաշվին, ոչ պակաս հարկերի հաշվին, ոչ թե քիչ հարկ վճարելու հաշվին։ Մի՞թե վատ կլինի պետության համար, եթե «նաղդ փող» ձեռնարկությունը տնօրիներ պետությունը կամ իր բացարձակ հսկողությունը լիներ այն ձեռնարկության վրա, որն ունի որոշակի թվով աշխատողներ (ասենք, 50-ից ավելի), չէ՞ որ շահագործվում են իր քաղաքացիները, և նրանց ստեղծած հավելյալ արժեքի հիմնական մասը պետք է տնօրինի հենց պետությունը, որովհետև յուրաքանչյուր աշխատող, նախ և առաջ, պետության հարստությունն է։ Հարուստ երկիրը «իր փեշի տակ» կհավաքի բոլորին, և շատ ծառայություններ կլինեն ձրի։ Մեր երկիրը հարստանալու այլ ճանապարհ չունի, քանի որ պետական հատվածում ստեղծված արժեքը շատ քիչ է, չկա իսկական բանվոր դասակարգ կատեգորիան։ Այլ է շատ ուրիշ պետությունների պարագայում. շատերը հարստացել են գաղութների, պատերազմների, ուրիշ ազգերին թալանելու միջոցով և լցրել են ոչ թե անհատի, այլ պետության գրպանը։ Իսկ մեզ, ըստ Հ. Թումանյանի, միշտ թուլացրել են մերոնք։ Հիմա ամեն ինչ պետք է անել` ուժեղացնելու երկիրը, թեկուզ ճոխությունը մի քիչ պակասեցնելով։ Անհատի հարստությունը մնայուն չէ, դրանով երկիրը հզոր չէ, դիմակայող չէ և տիրոջը ոչնչից չի պաշտպանի, բացի երկրից փախչելուն, այն էլ` դժվար թե թույլատրվի։ Մի քիչ պակաս պարծենալը հարստությմբ` ոչինչ չի փոխի։ Այս մտորումների մեջ հիշեցի Խայամի մի քառյակ.
«Ո՛չ աղքատը թաղվեց առանց պատանքի, ո՛չ հարուստը տարավ ավել մի պատան»։ Այնպես որ, շատ տալ պետությանը և շատ էլ ստանալ` ապահովության տեսքով։ Հարուստ պետությունը հուսալի պատվար է բոլորի համար և կայուն է։ Մեկ անգամ էլ եմ գալիս այն եզրահանգման, որ մի 500 խոշոր հարուստներով պետությունը դեռ հարուստ չէ, ո՞վ է հիշում հազարավոր հարուստների, բայց ուժեղ, հարուստ երկիրը հարատև պատրաստ է պաշտպանելու թե՛ հարուստին, թե՛ աղքատին։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 29132

Մեկնաբանություններ